
ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ Վարչապետ պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պարոն Տիգրան Թորոսյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ պարոն Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ Ոստիկանապետ պարոն Հայկ Հարությունյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արմեն Հարությունյանին
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար պարոն Գերտ Արանսին
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգին
28 փետրվար, 2008թ.
Հաղորդում հանցագործության մասին
2008թ. փետրվարի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգ են ստացել, որ երեք երիտասարդներ Ազատության հրապարակից բռնությամբ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժանմունք:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, «Հույս» եւ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Լալա Ասլիկյանը եւ Սեդա Մելիքյանը շտապել են ոստիկանության բաժին` պարզելու երիտասարդներին բերման ենթարկելու հիմքերը: Սկզբում նրանց ներս են թողել, նրանք տեսել են երիտասարդներին: Ի պատասխան պատգամավորների հարցերին, թե ի՞նչ հիմքերով են բերման ենթարկվածները գտնվում ոստիկանության բաժանմունքում, ո՞վքեր են բերման ենթարկել եւ տվյալ պահի դրությամբ ի՞նչ գործողություններ են նրանց նկատմամբ կատարվում, հերթապահող ոստիկանը եւ դեպի ոստիկանների աշխատասենյակը տանող միջացքի երկարությամբ շարված, հիմնականում սեւազգեստ, քրեածին տարրերին հատուկ վարքագծով եւ որոշների պարագայում անհասկանալի հոգեվիճակում (միգուցե` ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ) երիտասարդների խմբից առավել աչքի ընկնողները պատասխանել են, որ «Մեհրաբյանը կգա` հետո կորոշենք»: Այսինքն` ողջ բաժնում չկար իրավասու մեկը, ով կկարողանար որեւէ բացատրություն տալ առանց վերադասի համաձայնության: Քիչ անց բաժին ժամանեց Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը: Նա որեւէ տարակուսանքի նշան չդրսեւորեց դեպի իրենց աշխատասենյակներ ձգվող միջանցքում շարված երիտասարդների ներկայության կապակցությամբ, ինչը վկայում էր նրանց ծանոթ լինելու հանգամանքի մասին: Մեհրաբյանը նաեւ չհետաքրքրվեց, թե ի՞նչ երիտասարդների մասին է խոսքը` ակնհայտորեն ցույց տալով, որ գիտի բաժին բերման ենթարկված երիտասարդների ով լինելը, եւ ովքեր այդ պահին կանգնած էին իր կողքը եւ հենց Մեհրաբյանի ներկայությամբ պատգամավորներին ու իրավապաշտպաններին հասցրեցին ասել, որ ենթարկվել են ծեծի` մինչ բաժին տեղափոխվելը: Երբ պատգամավորները հարցրել են, թե ի՞նչ բացատրություն ունի ոստիկանապետն այս ամենի համար` Մեհրաբյանն անմիջապես սկսել է բղավել, հոխորտալ նախասրահում գտնվող Զարուհի Փոստանջյանի վրա` այդ ընթացքում ճոճվելով եւ ի ցույց դնելով նույնպիսի կասկածելի հոգեվիճակ (միգուցե` ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ), ինչ միջանցքում շարված, հիմնականում սեւազգեստ երիտասարդներից ոմանք:
Նա ոչ մի բացատրություն չտվեց Ստյոպա Սաֆարյանի` երիտասարդներին ոստիկանություն ապօրինի բերման ենթարկելու եւ ապօրինի կերպով անազատության մեջ պահելու գրավոր պահանջի վերաբերյալ: Կարծես, նրա միակ նպատակն էր` բղավելով վախի եւ ահաբեկման մթնոլորտ ստեղծել ոստիկանության նախասրահում գտնվող քաղաքացիների եւ տղաների ծնողների համար` սեփական վարքագծով սադրելով իրավիճակը եւ նախադեպ ստեղծելով պատգամավորների ու իրավապաշտպանների նկատմամբ քիչ հետո իրականացված բռնությունների համար:
Մոտ երկու րոպե բղավելուց, հոխորտալուց եւ ճոճվելուց հետո նա հեռացավ:
Իրավապաշտպաններն ու պատգամավորները սկսեցին նախասրահում սպասել քննչական գործողությունների ավարտին եւ ոստիկանապետի խոստացած գրավոր պարզաբանումներին: Այդ ընթացքում քաղաքացիական հագուստով կանգնած երիտասարդները բազմիցս փորձել են դուրս հրավիրել այնտեղ գտնվող պատգամավորներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` ահաբեկելով, գոռալով, վախի մթնոլորտ ստեղծելով, հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ նրանց դիմաց կանգնած են կանայք եւ անձեռնմխելի անձինք: Բացի այդ, նրանցից մեկը անընդհատ փորձում էր լկտի ձեւով խլել «Ազատություն ռադիոկայանի»` իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի միկրոֆոնը, որը նրան հաջողվեց:
Անհայտ երիտասարդների այս գործողություններին ոչ միայն չեն փորձել խոչընդոտել նախասրահում գտնվող երկու ոստիկանները, այլեւ չեն ստիպել նրանց կատարել պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողի կողմից ներկայանալու բազմաթիվ պահանջները: Սեւազգեստներից մեկը նույնիսկ ներկայացել է որպես պատգամավոր Մինասյան` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի ինքնաներկայանալուն: Ոստիկանները իրենք եւս խուսափել են ներկայանալ եւ ակնհայտ էր, որ ոստիկանության բաժանմունքի տերուտնօրենը այդ` հիմնականում սեւազգեստ բանդան էր, որոնցից քաշվում էին համազգեստավոր հերթապահները:
Պետի հեռանալուց հետո անհայտ երիտասարդներից մեկը Ստյոպա Սաֆարյանից խլեց պատգամավորական մանդատը եւ վազեց դեպի ոստիկանության նախասրահի ելքը` արհեստական լարվածություն ստեղծելով ներկա գտնվողների համար եւ լկտի կերպով, ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի` գողացված մանդատը ետ վերադաձնելու պահանջի, հայտարարեց` «Թե շատ ես ուզում, արի ստեղից վերցրա»: Այդ պահին նախասրահում խմբված մոտ 20 հոգանոց երիտասարդների խումբը, ոգեւորված իրենց գործընկերոջ լկտի պահվածքից, օղակի մեջ առան պատգամավորներին ու իրավապաշտպաններին, հարձակվեցին նրանց, ներկա գտնվող մյուս քաղաքացիների եւ լրագրողների վրա, բռնության ու ծեծի ենթարկելով նրանց` դուրս հանեցին ոստիկանության շենքից: Նրանք քաշքշեցին եւ գետնին գցեցին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ-ի ներկայացուցիչ Սեդա Մելիքյանին: Միայն պատգամավորների հետ եկած մի քաղաքացու օգնությամբ հնարավոր եղավ կասեցնել սանձարձակ երիտասարդների անկանխատեսելի գործողությունները:
Դրանից անմիջապես հետո ոստիկանության բաժանմունքի դուռը փակվեց, սակայն նույն երիտասարդները նայում էին դրսում կանգնած քաղաքացիներին` բաժնի երկրորդ հարկի տարբեր սենյակներից: Հենց այնտեղից դուրս շպրտեցին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցից խլված միկրոֆոնը:
Մի քանի րոպե անց ժամանեցին մեր կողմից հրավիրված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկու աշխատակիցներ, որոնք դռան մոտ երկար սպասելուց եւ ներս մտնելու թույլտվություն չստանալուց հետո խնդրեցին ՀԿ-ի ներկայացուցիչներին հեռանալ եւ կանգնել հեռվում, որպեսզի ոստիկանության բաժանմունքի դուռը բացեն:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների ներկայությամբ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվեց հանցագործության մասին հայտարարություն ընդունել Ստյոպա Սաֆարյանից, ինչպես նաեւ` ներս թողնել Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցին ու փաստաբան Սեդա Սաֆարյանին:
Երբ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ոստիկանության բակից կատարված հանցագործության մասին 1-02-ին հայտարարություն էր տալիս` նշելով, որ շուտով դեպքի վայր կժամանեն Հայաստանում գտնվող միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հերթապահ ոստիկանը մի քանի րոպե ժամանակ խնդրեց ինչ-որ պատրվակով, որի ընթացքում, ենթադրվում է, այդ մասին տեղեկացրեց ներսում գտնվող հրոսակախմբին, քանի որ դրանից հետո բացվեց դուռը եւ պատգամավորներին ծեծի ենթարկողները դուրս վազեցին, նստեցին մեքենաներն ու փախան: Ներկաները հասցրեցին գրանցել նրանց մեքենաներից 2-ի համարանիշը, օրինակ` մուգ գույնի BMW մակնիշի մեքենան` 68LL271 համարանիշով եւ կորեական արտադրության մեքենան` 28 US 943 պետհամարանիշով: Երրորդ մեքենան վրացական պետհամարանիշով էր:
30-40 րոպե հետո բաժին բերման ենթարկված երիտասարդներին ազատ արձակեցին` ապօրինաբար ենթարկելով վարչական տույժի:
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քրեական գործ հարուցել հանցագործության կապակցությամբ եւ տալ համապատասխան ընթացք:
Դիմողներ`
Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր
Ստյոպա Սաֆարյան, ԱԺ պատգամավոր
Սեդա Մելիքյան, ՀԿ ներկայացուցիչ
Լալա Ասլիկյան, ՀԿ ներկայացուցիչ
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ